Նոբելյան մրցանակը և նոբելյան մրցանակակիրները

Ներածություն

Մենք հաճախ հեռուստացույցով լսում ենք և թերթերում ու ամսագրերում կարդում այն մարդկանց մասին, որոնք Նոբելյան մրցանակակիրներ են: Այս մարդկանց նաև նոբելյանտներ են կոչում: Ի՞նչ առանձնահատուկ բան են արել այս մարդիկ: Ինչո՞ւ է այս մրցանակն այդչափ կարևոր: Ո՞վ էր Նոբելը: Այս հարցերի պատասխանները բոլորս չունենք: Եկեք ամեն ինչը սկսենք սկզբից:

Նոբելի ընտանիքը

Ալֆրեդ Նոբելը շվեդ ճարտարագետ, քիմիկոս և գյուտարար էր: Նա ծնվել է 1833 թվականին անվանի ձեռնարկատիրոջ ընտանիքում: Նոբելի ծնողները մեծ ուշադրությամբ էին դաստիարակում զավակին և հավասարապես հոգ տանում նրա դաստիարակության և կրթության մասին: Ալֆրեդ Նոբելի հայրն ինքն էլ էր ճարտարագետ: Նա հորինել է ստորջրյա ականներ: Նա հեղինակավոր անձնավորություն էր Ստոկհոլմում, նաև` ունևոր: Նոբելի մայրը զբաղված էր 4 որդիների դաստիարակությամբ: Նա մեծ ուշադրություն էր տրամադրում զավակների դաստիարակությանը:

Նոբելի գործունեությունը

Ալֆրեդ Նոբելը կարևոր ներդրում է արել գիտության մեջ: Նա բազմաթիվ գիտական հետազոտությունների հեղինակ է և 355 արտոնագրի տեր: Չնայած նման մեծ վաստակին` Ալֆրեդ Նոբելը հայտնի է որպես ուժանակի գյուտարար: Ուժանակի գյուտով և արտադրությամբ Նոբելը շատ է հարստացել, բայց նրա գործունեությունը ողբերգական է դարձել: Նոբելի կրտսեր եղբայրը և մի քանի աշխատողներ զոհվել են գործարանում փորձնական պայթյունի ժամանակ:

Ալֆրեդ Նոբելին հաճախ մեղադրում էին, որ նա իր հսկայական հարստությունը կուտակել է մահվան զենքի հորինմամբ և արտադրությամբ: Նոբելը քննադատողներին պատասխանում էր. «Ես պացիֆիստ եմ: Ես մարդկանց տվեցի ավերիչ զենք: Այսպես մարդիկ կհամոզվեն, որ պայքարն անիմաստ է: Պատերազմի դեպքում երկու կողմերն էլ կմեռնեն»:

Մի անգամ մի տարօրինակ սխալ փոխում է Նոբելի կյանքը: 1888 թվականին մի ֆրանսիական թերթ սխալմամբ հրապա-րակել է ծանուցում Նոբելի մահվան մասին: Ծանուցման մեջ նրան սաստիկ դատապարտել են ուժանակի գյուտի համար: Հենց այս փաստից հետո է Նոբելը որոշել իր ողջ գույքը թողնել հանրությանը:

Նոբելի կտակը

«Ես` Ալֆրեդ Բեռնհարդ Նոբելս, հռչակում եմ իմ վերջնական կտակը: Իմ ամբողջ գույքով հիմնե՛ք հիմնադրամ: Այս հիմնադրամից ստացած տոկոսները բաշխե՛ք մրցանակների տեսքով: Մրցանակներ կստանան այն մարդիկ, ովքեր ամենից մեծ ներդրում են արել մարդկանց համար օգտակար գործի մեջ: Մրցանակը պետք է բաժանվի հինգ հավասար մասերի: Մի մասը հատկացվում է նրան, ով առավել կարևոր հայտնագործություն է կատարել, կամ հորինել ֆիզիկայի բնագավառում, երկրորդ մասը` այն անձին, ով առավել աչքի է ընկել քիմիայի բնագավառում, երրորդը մասը պատկանում է այն անձին, ով ամենամեծ ներդրում ունի ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում, չորրորդ մասը պատկանում է ամենից նշանակալի գրական ստեղծագործությանը, իսկ հինգերորդ մասը տրվում է խաղաղությանը նպաստելու համար:

Խստորեն պահանջում եմ, որ մրցանակները ստանան ամենից արժանավորները: Կարևոր չէ, թե ինչ ազգության է տվյալ անձնավորությունը: Այս կտակը վերջնական է և չեղյալ է համարում բոլոր նախորդ կտակները, եթե այդպիսիք ի հայտ գան մահիցս հետո»:                          

                       Ալֆրեդ Բեռնհարդ Նոբել, Փարիզ, 27 նոյեմբերի, 1895 թ.

Նոբելյան մրցանակը

Նոբելյան մրցանակը բաղկացած է ոսկե մեդալից, որի վրա պատկերված է Նոբելը, մրցանակի մաս է նաև դիպլոմը և մրցանակային գումարը: Նոբելյան մրցանակով, սկսած 1901 թվականից, պարգևատրվել են տարբեր ազգությունների մարդիկ: Այս մարդիկ առավել կարևոր ներդրում են անում ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության և խաղաղության նպաստման գործում: Նոբելյան մրցանակը սահմանվել է 1895 թվականին` Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն: Նոբելն իր ծանրակշիռ ունեցվածքը չի թողել իր հարազատներին: Նա որոշել է ամեն ինչ տրամադրել հասարակական գործունեությանը: Խաղաղության բնագավառում մրցանակը տրվում է ազգերի բարեկամացմանը, ստրկության վերացմանը, բանակների կրճատմանը նպաստելու համար: Նոբելը խաղաղության հաստատման համար ներդրում անել էր համարում նաև խաղաղության կոնֆերանսները:

Նոբելյան մրցանակի հանձնման տոնական արարողությունը անցկացվում է ամեն տարի դեկտեմբերի 10-ին: Այդ օրը վախճանվել է Նոբելը: Այդ օրը հայտարարված է Նոբելի օր:

Նոբելը նկատի է ունեցել, որ նվաճումները դժվար կլինի գնահատել: Նա իր կտակում բոլոր բնագավառների համար հատուկ հանձնաժողով է անվանել: Ֆիզիկոսների և քիմիկոսների մրցանակը շնորհում է Շվեդիայի գիտությունների ակադեմիան: Բժշկության մեջ մրցանակը շնորհում է Կոռոլինայի ինստիտուտը: Գրականության մեջ ներմուծած առանձնահատուկ ներդրման համար մրցանակը հատկացնում է Ստոկհոլմի համալսարանը: Խաղաղության համար պայքարում արված ներդրման համար մրցանակը հանձնաժողովն է շնորհում: Այս հանձնաժողովը բաղկացած է հինգ հոգուց: Հանձնաժողովն ընտրվում է Նորվեգիայի Խորհրդարանի կողմից:

Նոբելյան մրցանակակիրներ

Ըստ Նոբելի ցանկության, մրցանակի թեկնածուներ պետք է ընտրել հինգ կարգերից: Եթե որևէ տարի ոչ մի աշխատություն կամ ձեռքբերում արժանի չի լինի Նոբելյան մրցանակի, ապա հատուկ դրամական մրցանակն անցնում է հաջորդ տարվան: Նոբելը ոչ էլ մրցանակների հատկացման թիվն է սահմանափում: Ցանկացած բնագավառում կարելի է հատկացնել երկու կամ ավել Նոբելյան մրցանակ:

Նոբելյան մրցանակակիրների թվում են այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են ֆիզիկոսներ և քիմիկոսներ Պլանկը, Էյնշտեյնը, Լանդաուն և այլն: Բժշկության բնագավառում` Ռոբերտ Կոխը և Պավլովը, գրականության բնագավառում` Ռոմեն Ռոլանը, Թոմաս Մանը և այլն:

Նոբելյան մրցանակակիր կանայք

Չնայած հատկացված Նոբելյան 300-ից ավելի մրցանակներին, 1901 թվականից մինչև 2011 թվականը միայն 43 կին է դարձել Նոբելյան մրցանակի դափնեկիր: Սրանցից մեկը Մարի Կյուրին է, որը երկու անգամ արժանացել է Նոբելյան մրցանակի. 1903 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ ֆիզիկայի բնագավառում արված ներդրման համար, իսկ 1911 թվականին` քիմիայի:

Հետաքրքիրն այն է, որ ամենից շատ Նոբելյան մրցանակակիր կին կա խաղաղության նպաստման համար:

Այդ թվում առանձնահատուկ է Մայր Թերեզան, որը 1979 թվականին է դարձել Նոբելյան մրցանակակիր: