Մրջյունները

Նա, ում մասին հիմա ուզում եմ ձեզ պատմել, աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղ արարածն է` նա ազատ կարող է իրենից 25 անգամ մեծ բեռ շալակել իր մեջքով և տեղափոխել ...

Նա շատ աշխատասեր է` ընդամենը երեք-չորս ժամ է քնում, իսկ մնացած ժամանակն առանց կանգ առնելու աշխատում է` իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար պաշար` կերակուր, պատրաստում, գնում կռվելու...

Նրանցից մի քանիսը նույնիսկ թռչել գիտեն, մի քանիսը` լողալ ...

Դու նրան բազմիցս տեսել ես խոհանոցի սեղանին, շաքարամանի մոտ, մուրաբայի և մեղրի պուլիկների մոտ, պատուհանի գոգին, ծառի տակ, գույնզգույն ծաղիկների վրա, քո վերնաշապկի վրա ...

Եվ ոչ միայն տեսել ես, այլ շատ անգամ այնպես ես սպանել ձեռքի մեկ շարժումով, որ նույնիսկ չես էլ երկմտել ...

Իսկ լուցկու հատիկով կամ թեյի գդալով բազմիցս փակել ես նրա` դեպի տուն տանող ճանապարհը և չարչարել ...

Ճիշտ է, որ շատ անգամ ես տեսել, սակայն կարող է մեկ անգամ նույնիսկ չես նկատել, որ նա փոքր և կլոր գլուխ ունի, գեղեցիկ վեր ոլորած բեղեր ու վեց անդադրում ոտքեր ...

Դա ամենաանվնաս միջատն է, և նրա անունն է մրջյուն:

Ինչպես են ապրում մրջյունները

Մրջյուններն ապրում են հողի խորքերում սարքած բներում, որոնք իրար հետ կապվում են ստորգետնյա կածաններով:

Յուրաքանչյուր բնում փոքրիկ «սենյակներ» են, որտեղ մրջյունները քնում են, պահում են սնունդը, ձվեր են դնում և խնամում, որոնցից փոքրիկ մրջյուններ են դուրս գալիս:

Նրանք ընտանիքում հրաշալի կանոններ ունեն` բաշխում են գործը և ջանասիրաբար կատարում. նրանց մի մասը բանվոր է, մի մասը` մարտիկ, որսորդ, ստրուկ...

Յուրաքանչյուր բնում փոքրիկ «սենյակներ» են, որտեղ մրջյունները քնում են, պահում են սնունդը, ձվեր են դնում և խնամում, որոնցից փոքրիկ մրջյուններ են դուրս գալիս:

Նրանք ընտանիքում հրաշալի կանոններ ունեն` բաշխում են գործը և ջանասիրաբար կատարում. նրանց մի մասը բանվոր է, մի մասը` մարտիկ, որսորդ, ստրուկ...

Յուրաքանչյուր բնում կա մի գլխավոր մայր մրջյուն, որին մարդիկ «թագուհի» են կոչում: Նա իսկապես թագուհու պես է ապրում: Միշտ բնում է, երբեք չի գնում աշխատանքի: Նրան հոգատար խնամում են ընտանիքի մյուս անդամները:

Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ...

Տուն բերած հատիկներն ու փշուրները պահում են հատուկ սենյակներում: Եթե պատահաբար այդ պաշարը թրջվի կամ խոնավանա, բանվոր մրջյունները չեն ալարի և արևոտ եղանակին այդ ամբողջ պաշարը դուրս կհանեն, արևի կտան, լավ կչորացնեն և կրկին կպահեն:

Մրջյունները մարդկանցից լավ օդերևութաբաններ են` միշտ ճիշտ գիտեն, թե արևո՞տ եղանակ է սպասվում, թե` վատ:

Բանվոր մրջյունները ոչ էլ տունն են ծոււլանում մաքրել` միշտ ուշադիր փայլեցնում են յուրաքանչյուր սենյակ:

Հատուկ առանձնացված են «դայակներ», որոնք ընդունում են փոքրիկ մրջյուններին և խնամում:

Իսկ մարտիկները մարտնչում են օտար մրջյունների դեմ: Մարտի դաշտից նրանք ձեռնունայն չեն վերադառնում` թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին վերածում են ստրուկների և աշխատեցնում են կամ կռվելու տանում ...

Չնայած թշնամիների հետ դաժան են վարվում, մրջյունները միշտ նեղության պահին հավատարիմ կերպով օգնում են իրենց եղբայրակիցներին: Նրանք ամեն տեսակ գործ համաձայնեցված, միահամուռ են կատարում:

Եթե ​​ճանապարհին «անդունդ» է հանդիպում, առանց վախի բռնվում են իրարից, կենդանի կամուրջ են կապում մի եզրից մյուսը, և այդ կամրջով անցկացնում ողջ իրենց «բանակը»: Որոշ մրջյուններ կարող են իրենց զոհաբերել ընկերներին փրկելու համար:

Եթե ​​ վտանգ զգան, անպայման կտեղեկացնեն մնացածներին ևս, և եթե համեղ կերակուր գտնեն դրանից ևս անտեղյակ չեն պահի նրանց ...

Իսկ իրար միջև նրանք «խոսում» են փոքրիկ բեղերի կամ հոտի միջոցով:

Երբ ինչ-որ բան են ուզում ասել, մի մրջյուն այդ հոտն է արձակում, իսկ մյուսներն իրենց բեղերի միջոցով զգում են այդ հոտը և կռահում, թե ինչ «ասաց» իրենց ընկերը: