Ընտանիքը կրկին միասին է

Վիկայի և Վակոյի վերադառնալուց հետո, ընտանիքը կրկին միասին է: Նորից սովորական կյանքով են ապրում: Երեխաներն առավոտյան դպրոց են գնում, իսկ ծնողներն` աշխատանքի: Փեփոն և Չիկոն նույնպես վերադարձան ընտանիք: Երեկոները ընտանիքում հաստատվեց ընթերցանության երեկոներ կազմակերպելու ավանդույթը: Ընթերցանության երեկոները տարբեր են: Երբեմն ծնողներն են երեխաների համար գրքեր կարդում, երբեմն ընտանիքի բոլոր անդամներն իրենց համար են կարդում գրքեր, երբեմն երեխաներն են ծնողների համար կարդում հետաքրքիր պատմություններ:

Ընթերցանության երեկոյին ներկա են գտնվում նաև Փեփոն և Չիկոն: Այն երեկոյան, երբ ընտանիքի անդամներն ամենքն իրենց համար են կարդում, Փեփոն և Չիկոն ձանձրանում են: Թեպետ, դրան նույնպես ընտելացել են: Այդ ժամանակ նրանք խաղում են միմյանց հետ, ավելի ճիշտ կլինի ասել` չարչարում են իրար ... Դուք պատկերացրեք, Չիկոն ավելի է չարչարում Փեփոյին, քան ընդհակառակը ...

Այսօր Թոկոյի օրն է: Այսօր երեկոյան Թոկոն որևէ հետաքրքիր բան պետք է կարդա ընտանիքի անդամների համար: Որոշեց որևէ հետաքրքիր պատմություն գտնել թութակի և կատվի մասին: Դպրոցից հետո Թոկոն գնաց գրադարան, որտեղ բավականին պատմություններ կային Թութակի և կատվի մասին: Հնդկական բանահյուսությունից մի հետաքրքիր պատմություն կարդաց նաև ընտանիքի անդամների համար:

Կատուն և թութակը

Մի անգամ կատուն և թութակը որոշեցին միասին մշակել հողամասը:

Կատուն ասաց թութակին. «Արի՛, ընկեր՛, միասին գնանք դաշտ»:

Թութակը հրաժարվեց: «Ես չեմ կարող, քանի որ, իմ մանգոյի ծառը պետք է ջրեմ»: Կատուն մենակ գնաց դաշտը վարելու:

Երբ հողամասը վարեց, գնաց թութակի մոտ և ասաց. «Գնանք, ընկե՛ր, միասին ցանենք ցորենը»: Թութակը կրկին մերժեց:

Կատուն մենակ գնաց և ցանեց ցորենը: Ցանած ցորենն աճեց և եկավ բերքահավաքի ժամանակը, կատուն կրկին գնաց թութակի մոտ և խնդրեց նրան օգնել բերքը հավաքել: Թութակը կրկին մերժեց կատվին:

Կատուն նորից մենակ գնաց: Հավաքեց բերքն ու պահեց ամբարում: Ցորենի հատիկներն արդեն պատրաստ էին կալսելու համար: Թութակը կատվին մերժեց նաև նրա հետ բերքը կալսել և քամուն տալ: Կատուն մենակ կալսեց, մենակ քամուն տվեց և աղաց ցորենը ...

Հետո կատուն մեկ անգամ ևս գնաց թութակի մոտ և խնդրեց. «Գնանք, ընկե՛ր, բերքը պատրաստ է և բաժանենք իրար մեջ»:

«Իհարկե՛», - ասաց թութակը և գնաց կատվի հետ...

Որոշ ժամանակ անց կատուն և թութակը որոշեցին հերթով հյուր գնալ իրար: Առաջինը կատուն հրավիրեց թութակին:

Բարկացած կատուն գրեթե ոչինչ չէր պատրաստել թութակի գալու համար, վերջինս քաղցած մնաց: Երբ թութակն էր հյուր ընդունելու, նա համեղ ճաշ պատրաստեց. «տապակած միս, թեյ, մի զամբյուղ միրգ և մեծ քանակությամբ թխվածքաբլիթներ»:

Կատուն կերավ միսը, խմեց թեյը, վրայից կերավ միրգ և թխվածքաբլիթներ: Դրանից հետո նայեց շուրջը և ասաց.

 «Ախորժակս դեռ նոր է բացվել, ունե՞ս էլի որևէ ուտելու բան»:

Թութակը զայրացավ և ասաց. «Ես ոչինչ չեմ տեսնում, բացի ինձանից: Ուզո՞ւմ ես ինձ ուտել:

Կատուն հանկարծ վեր ցատկեց, թռավ թութակի վրա և մեկ վայրկյանում կերավ նրան:

Հետո կատուն փողոցով ներքև իջավ: Դեմը մի ծեր կին դուրս եկավ, որն իր աչքով տեսավ, թե ինչպես կերավ կատուն իր ընկեր թութակին .... «Սարսափելի բան էր քո կողմից, որ քո ընկերոջը` թութակին, կերար», - ասաց կինը կատվին:

«Թութակի՞ն», - ասաց կատուն, «Թութակն ինձ համար ոչ մի բան է, մեծ ցանկություն ունեմ նաև, որ քեզ ուտեմ», - և կատուն վեր թռավ, ցատկեց տատիկի վրա ու կուլ տվեց նրան:

Կատուն շարունակեց ճանապարհը, հանկարծ մի մարդ հանդիպեց, որը ավանակի վրա էր նստած և արագ գնում էր: Կատվին որ տեսավ, մարդն ասաց. «Կողքի քաշվի՛ր, թե չէ ավանակը վրայովդ կանցնի»:

«Ավանա՞կը, ինչպե՜ս եմ վախենում ավանակից: Ես արդեն ահագին թխվածքաբլիթ եմ կերել, իմ ընկեր թութակին և մի ծեր կնոջ և ի՞նչ է ինձ համար այս ողորմելի մարդուն և ավանակին ուտելը», - ասաց կատուն, վեր թռավ, ցատկեց և կուլ տվեց և՛ մարդուն, և՛ ավանակին, ապա ուրախ շարունակեց Ճանապարհը:

Կարճ ժամանակ անց նա հանդիպեց թագավորին, իր նորապսակ կնոջ հետ: Թագավորին և թագուհուն ուղեկցում էին սպասավորներ և բազմաթիվ զույգ փղեր: .

«Ո՜ւֆ, ո՜ւֆ, արդեն բազմաթիվ թխվածքաբլիթներ եմ կերել, թութակին, ծեր կնոջը և մարդուն` իր ավանակով: Ինձ համար ինչ է մեկ թագավորին ուտելը»: Վեր թռավ, ցատկեց և թագավորին ու թագուհուն իրենց սպասավորներով կուլ տվեց, վրայից էլ փղերին կերավ:  

Կատուն այնուհետև կրկին շարունակեց ճանապարհը: Մի փոքր անց ճանապարհին նա հանդիպեց երկու ծովախեցգետինների: «Անցի՛ր մեր ճանապարհից», - ձայնեցին ծովախեցգետինները:

«Օ՜հ, օ՜հ, - բղավեց կատուն, ես արդեն կերա թխվածքաբլիթները, թութակին, ծեր կնոջն ու մարդուն` իր ավանակով: Կերա թագավորին ու թագուհուն, իրենց բոլոր սպասավորներով և փղերով», և հիմա ես ձեզ ևս կուտեմ: Կատուն վեր թռավ, ցատկեց և երկու ծովախեցգետիններին էլ կուլ տվեց:

Երբ ծովախեցգետինները հայտնվեցին նրա փորի մեջ, նայեցին իրենց շուրջը: Այնտեղ շատ մութ էր.

«Ե՛կ աշխատենք», - ասացին ծովախեցգետինները և սկսեցին փոքրիկ անցք փորել: Նրանք կարողացան իրենց ճանկերով անցք բացել և կատվի փորից դուրս գալ: Նրանց հետևեցին թագավորն ու թագուհին` սպասավորներով և փղերով: Դուրս եկավ նաև ծեր մարդը` իր ավանակով: Նրան հետևեց ծեր կինը և վերջում դուրս սողոսկեց թութակը, իսկ խեղճ կատուն ամբողջ օրն օգտագործեց իր փորի վրայի անցքը կարելու համար:

Թակոն ավարտեց հեքիաթի ընթերցումը .

- Չհավանեցի քո պատմությունը: Փեփոն երբեք Չիկոյին վնաս չի տա: Չիկոն էլ միշտ կօգնի Փեփոյին, - սկսեց խոսել Թակոն:

- Թակո՛, ես գիտեմ, որ Փեփոն Չիկոյին վնաս չի տա, գիտեմ նաև այն, որ Չիկոն բոլոր գործերում կօգնի Փեփոյին: Այս հեքիաթը դրա համար չեմ ընտրել: Այս հեքիաթը կարդալուց հետո շատ բեների մասին եմ մտածել: Ընկերության , հավատարմության, ագահության, իրար չսատարելու, միասնության, հուսալիության, բարության, չարության մասին և այլն: Ես ուզում էի, որ դա բոլորս միասին քննարկեինք: Այդ է պատճառը, որ կարդացի այս հեքիաթը, - արդարանում էր Թոկոն ...

Այդ երեկոն անցկացրին բանավեճով: Փեփոն և Չիկոն զարմացած նայում էին իրենց տերերին և չէին հասկանում, թե ինչի շուրջ էին բանավիճում այսպես թեժ ...